bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Armenian
/
Armenian 2018
/
Zephaniah 1
Zephaniah 1
Armenian 2018
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
1
Տիրոջ խոսքը, որ եղավ Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային՝ Հուդայի թագավորի՝ Ամոնի որդու՝ Հովսիայի օրերին։
2
«Ամեն բան բոլորովին պիտի բնաջնջեմ երկրի երեսից,- ասում է Տերը։-
3
Պիտի բնաջնջեմ մարդուն և անասունին, պիտի բնաջնջեմ երկնքի թռչուններին ու ծովի ձկներին և գայթակղությունները ամբարիշտների հետ. մարդուն պիտի վերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։
4
«Իմ ձեռքը պիտի մեկնեմ Հուդայի դեմ և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ և բնաջնջեմ այնտեղից Բահաղի մնացորդը, քրմերի անունը քահանաների հետ.
5
և կտուրների վրա երկնքի զորքերին երկրպագողներին և այն երկրպագողներին, որոնք երդվում են նրան, և Մեղքումով երդում անողներին
6
և Տիրոջը հետևելուց ընկրկածներին, Տիրոջը չփնտրողներին և չխնդրողներին։
7
Լռի՛ր Տեր Աստծու առաջ, որովհետև մոտ է Տիրոջ օրը. Տերը զոհ է պատրաստել, սրբագործել է իր հրավիրյալներին։
8
Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։
9
Եվ այդ օրը պիտի պատժեմ շեմի վրայով բոլոր ցատկողներին, որոնք իրենց Տիրոջ տունը լցնում են բռնությամբ և խարդախությամբ»։
10
«Այդ օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն պիտի լինի Ձկների դարպասից, ողբ՝ Մասենայից, և մեծ փլուզում՝ բլուրներից։
11
Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի բնակիչներ, որովհետև կործանվեց վաճառական ամբողջ ժողովուրդը, բնաջինջ են եղել բոլոր արծաթ կշռողները։
12
Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. “Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք”։
13
Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։
14
Մոտ է Տիրոջ մեծ օրը, մոտ է և շատ է շտապում. ահա Տիրոջ օրվա ձայնը. այնտեղ դառնապես աղաղակում է հզոր մարդը։
15
Բարկության օր է այդ օրը, նեղության և տագնապի օր, կործանման և ավերումի օր, խավարի և մեգի օր, ամպի և մառախուղի օր.
16
շեփորի ու մարտակոչի օր պարսպապատ քաղաքների դեմ և անկյունային աշտարակների դեմ։
17
Եվ ես պիտի դժբախտացնեմ մարդկանց. կույրերի պես պիտի քայլեն, որովհետև մեղանչեցին Տիրոջ դեմ, և նրանց արյունը փոշու պես պիտի թափվի, և նրանց միսը՝ կղկղանքի պես։
18
Տիրոջ բարկության օրը նրանց չեն կարող ազատել ո՛չ նրանց արծաթը, ո՛չ ոսկին, և նրա նախանձախնդրության կրակով պիտի սպառվի ամբողջ երկիրը, որովհետև նա վերջ պիտի դնի, այո, ահավոր վերջ երկրի բոլոր բնակիչներին։
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 2 →
All chapters:
1
2
3